ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Մեր երկիրն անվերջ զիջումներ անելու և դրանով արյունաքամ լինելու հնարավորություն չունի

Մեր երկիրն անվերջ զիջումներ անելու և դրանով արյունաքամ լինելու հնարավորություն չունի
08.01.2025 | 13:51

Ադրբեջանի բռնապետ Ալիևի երեկվա հայտարարությունները՝ Հայաստանը ֆաշիստական երկիր անվանելը, խաղաղության պայմանագրից փաստացի հրաժարվելը, և Սյունիքը հանձնելու ու զինաթափվելու լկտի պահանջը, կրկին ցույց են տալիս, որ Ադրբեջանի և նրա հովանավորների իրական մտադրությունը հայկական պետականության լիակատար ոչնչացումն է:

Այդ խնդիրը նրանք լուծում են երկարաժամկետ և հաշվարկված, փուլային ճանապարհով, ամեն փուլում նոր զիջումներ կորզելով Հայաստանում իշխող կապիտուլացիոն վարչախմբից։ Գործող վարչախումբը՝ կազմալուծելով Հայաստանի անվտանգային ողջ համակարգը և փաստացի հրաժարվելով դիմադրությունից, մինչ այժմ իր կողմից վարած քաղաքականությամբ միայն խրախուսել է թշնամու այս վարքագիծը և աճող ախորժակները։

Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանը կանգնած է կամ նոր պատերազմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ։ Նոր պատերազմի այն պատրաստ չի, և երբեք էլ պատրաստ չի լինի, քանի մեր երկրում իշխում է կապիտուլացիոն այս վարչակարգը, որը մեր ժողովրդին փորձում է արդեն քանի տարի խաբել «խաղաղության» ակնհայտ կեղծ օրակարգով, այն դեպքում, երբ թշնամին միայն պատերազմի է պատրաստվում, և ամեն տարի մեր երկրից մի նոր կտոր է պոկում՝ կռվով կամ առանց դրա, իսկ հիմա էլ արդեն բացահայտ հրաժարվում է ցանկացած խաղաղությունից։

Իրական խաղաղության համար, սակայն, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, և որքան ուժեղ, միասնական և վճռական լինենք մենք, այնքան թշնամու ախորժակները կնվազեն, պատերազմի հավանականությունը՝ ևս։ Մեր երկիրն անվերջ զիջումներ անելու և դրանով արյունաքամ լինելու հնարավորություն չունի։

Եթե ցանկանում ենք դա կանգնեցնել, մի օր պետք է հաղթահարենք մեր բոլոր կասկածները, ներքին տարաձայնությունները, անձնական հավակնությունները, ազատվենք այս վարչախմբի կործանարար, բթացնող ազդեցությունից, ինքներս պատասխանատվություն ստանձնենք մեր երկրի կառավարման համար, և դուրս բերենք այն անկման և կորուստների այս արատավոր շրջանից։

Այդ պահը մոտենում է, մինչ այդ յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք այդ բեռի սեփական մասը ստանձնել, և համագործակցել բոլոր առողջ անհատների և ուժերի հետ՝ մեր երկիրը պաշտպանելու և այս ճգնաժամից, ի վերջո, դուրս բերելու համար։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 1983

Մեկնաբանություններ